498մ խորությամբ ընդերքից բխող այս բնական, բուժիչ հանքային ջրով լոգանքները բարենպաստ ազդեցություն ունեն մարդու ամբողջ օրգանիզմի վրա: Հանքային ջրերը, ինչպես նաև ջերմային լոգանքները հաջողությամբ օգտագործվում են աղեստամոքսային տրակտի հիվանդությունների և տարբեր տեսակի ալերգիաների կանխարգելման համար:
Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։ Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է մեծ գավիթ։ Եկեղեցուց և գավիթից ճիշտ հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Տեղում մնացել են դուռ և չորս սյուներ, այնպիսի տպավորություն է, որ փոքր եկեղեցու և գավիթի մաս են կազմել։ Ավելի հեռու բլրի վրա գերեզմանոց է և փոքր մատուռ փոքր դամբարանով։ Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված մնացել է։ Կանգուն են մնացել գմբեթը պահող կոնստրուկցիայի մի հատված, ինչպես նաև արևմտյան պատին եկեղեցու գավիթ տանող միասնական պորտալը։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։
Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները 10-րդ դարում վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:
1031 թվականին վանքը հիմնադրել ու Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է: Բազմանիստ թմբուկը պսակվում է հովհարաձև տանիք ունեցող գմբեթով: Գիպսե շքեղ շրջանակով երիզված Ավագ խորանի կենտրոնի խորշը եկեղեցու ճարտարապետական և հարդարանքի առանձնահատկություններից մեկն է: Հարկ է նշել նաև պատերի երկայնքով ձգված քարե բարձակային դարակները: Ենթադրվում է, որ նրանք նախատեսված էին վանքում ստեղծված բազմաթիվ ձեռագրերի համար: Սուրբ Աստվածածին վանքը, որը հայտնի էր նաև «Մագիստրոսի ճեմարան» անվամբ, միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել: Վանքը մեծ համբավ ձեռք բերեց XII դ., Գրիգոր Մագիստրոսի որդի, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ․ Պահլավունու օրոք:
Գետափ հանգստյան տուն Բջնիում Բջնիի ԳԵՏԱՓ հանգստի գոտու հյուրանոցում կարող եք վայելել հանգիստը ու ճաշակել գյուղի անարատ բարիքներով պատրաստված համեղ ուտեստները։ Հանգստի գոտում կա նաև բացօթյա և փակ տաղավարներ, խաղահրապարակներ, թանգարան, լողավազան, շոգեբաղնիք։ Հանգստի գոտու տարածքում կա բնական բուժիչ հանքային ջուր։
Կեչառիսի վանական համալիրը կառուցվել է 11-13-րդ դարերում Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում: Այն բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որից գլխավորը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց։ Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում։ Այդպես էլ արվում է։ Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ։ Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր։ Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն։ Կառուցվում է Կեչառիսի վանքը։ Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:
Զիփ լայնը էքստրեմալ զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկն է ՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Եթե դուք արկածների սիրահար եք կամ պարզապես ցանկանում եք հաղթահարել բարձունքների վախը, ապա Ծաղկաձորում զիփ լայնով թռիչքը հենց ձեզ համար է: Այն բաց է ամբողջ տարվա ընթացքում: Ադրենալինի պակաս դուք հաստատ այստեղ չեք ունենա: Այն հասանելի է ցանկացած տարիքի համար, եթե ձեր քաշը չի գերազանցում 120 կգ-ը, և դուք ալկոհոլի, թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի ազդեցության տակ չեք: Ամենաբարձր կետում զիփ լայնի բարձրությունը հասնում է 130 մետրի: Էմոցիաներով հարուստ այս ճանապարհը տևում է ընդամենը 5 րոպե: